Բոլոր բարի կամքի տեր մարդկանց ողջ աշխարհում՝
այս օրհասական պահին դիմում եմ ձեզ, այն, ինչ տեղի է ունենում վերջին ամսվա ընթացքին Հայաստանում, քաղաքական հակամարտություն չէ՝ այլ հարված ժողովրդի հոգուն ու սրտին, որը 1700 տարի հանդիսացել է քրիստոնեական հավատքի ու հայ ինքնության պահապան։
Էջմիածինը՝ բոլոր հայերի Մայր Եկեղեցին և աշխարհի ամենահին քրիստոնեական սրբավայրերից մեկը, կանգնած է անմիջական վտանգի առջև։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը ձեռնարկել են նախադեպը չունեցող մի արշավ Հայ Առաքելական Եկեղեցու դեմ։
Արքեպիսկոպոսներ և այլ հոգևորականներ ձերբակալվել են՝ քաղաքական խռովությունների մեղադրանքով։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ու նրա հետ ողջ հայ քրիստոնյա աշխարհը վիրավորական կերպով զրպարտվում է կառավարության կողմից ամենօրյա ռեժիմով։ Հավաստի աղբյուրները զգուշացնում են՝ առաջիկա օրերին հատուկ ծառայությունները կարող են ներխուժել Սուրբ Էջմիածին և ձերբակալել կաթողիկոսին։
Սա սովորական քաղաքական ուժային պայքար չէ, ասել եմ բազմիցս, այլ փորձ է կոտրելու այն ժողովրդի հոգին, որը առաջինը քրիստոնեությունն է ընդունել որպես պետական կրոն։ Սա քրիստոնեական քաղաքակրթության հիմքի դեմ աննախադեպ հարձակում է։
301 թվականից ի վեր, Էջմիածինը եղել է ավելին, քան պարզապես կրոնական կառույց։
Սա կենդանի վկայությունն է այն տեսիլքի, որը սուրբ Գրիգոր Լուսավորիչը ստացավ, երբ Քրիստոս անձամբ ցույց տվեց նրան առաջին տաճարի տեղը։ Այստեղ դրվեց այն հայ քրիստոնեական քաղաքակրթության հիմքը, որն անցնելով պատմության բոլոր փոթորիկների միջով՝ մնաց անսասան։
1915 թվականի ցեղասպանության, խորհրդային ճնշումների և վերջերս՝ 2023-ին, Արցախից բռնագաղթի միջով անցնելով, մեր եկեղեցին, նախ և առաջ Աստծո, ապա նաև իր հոգևորականների ու հավատացյալ աշխարիկ զավակների շնորհիվ պահպանել է ոչ միայն հայ ժողովրդի հավատքը, այլ նաև լեզուն, մշակույթը և ինքնությունը։ Այսօր այն աջակցում է փախստականներին, հույս է տալիս անօթևաններին և հոգևորորեն միավորում աշխարհի միլիոնավոր սփյուռքահայերին։
Փաշինյանի իշխանությունը փորձում է Հայաստանին պարտադրել օտար, հային խորթ մի մոդել՝ ֆրանսիական տիպի ռադիկալ աշխարհիկություն, լաիցիզմ։ Այս մոտեցմամբ կրոնական խորհրդանիշները պետք է վերանան հանրային կյանքից, իսկ Էջմիածինը վերածվի «չեզոք թանգարանի», իսկ հավատքը տեղափոխվի բացառապես անձնական դաշտ, չունենալով խոսելու որևէ իրավունք։
Սակայն այն ժողովրդի համար, որի մշակույթն անհնար է պատկերացնել առանց եկեղեցու, առանց քրիստոնեության, սա կլինի մշակութային ինքնասպանություն։
Պատմությունը մեզ սովորեցրել է՝ այն ժողովուրդները, որոնք զրկվում են իրենց հոգևոր արմատներից, դատապարտված են ոչնչացման, վերացման։ Իսկ Հայաստանը՝ Մերձավոր Արևելքի ամենափոքր և խոցելի քրիստոնյա պետությունը, նման շքեղություն իրեն չի կարող թույլ տալ։
Մենք մենակ չենք։ Ամբողջ աշխարհում միլիոնավոր հայեր, բոլոր դավանանքների քրիստոնյաներ և կրոնական ազատությունը գնահատող մարդիկ մեր կողքին են։
Եկեղեցին, ինչքան էլ Փաշինյանն իղձ ունենա ներկայացնել, ռուսամետ չէ։ Մեր եկեղեցին հայ եկեղեցին է։ Նա ծառայում է ոչ թե օտար ուժերի (ինչը, ի դեպ, կարելի է ենթադրել Փաշինյանի պարագայում), այլ հայ ժողովրդին և քրիստոնեական հավատքին։
Հարձակումը Էջմիածնի վրա՝ հարձակում է հենց հայ քրիստոնեության ու հայ ինքնության վրա։ Ով պղծում է Մայր եկեղեցին՝ պղծում է ողջ քրիստոնեական ժառանգությունը։ Իսկ Աստված իր դեմ դուրս եկածների պատասխանին երկար սպասեցնել չի տալիս: Այնպես որ բոլոր նրանք, ովքեր ներգրավվում են այս «խաղի մեջ», պետք է սա լավ գիտակցեն:
Այս ճակատագրական պահին՝
ես կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, ովքեր մտահոգ են և չեն վարակվել ֆեյսուքաղտով ու դեռ կարող են ինքնուրույն մտածել.
- Աղոթեք Հայ Եկեղեցու և Վեհափառ Հայրապետի համար, մեր կալանավորված հոգևորականների համար, Հայաստանի խաղաղության համար։ Աղոթքը մեր ամենահզոր զենքն է չարիքի ուժերի դեմ։
- Բարձրացրեք ձեր ձայնը՝ փողոցներում, լրատվամիջոցներում, աշխարհի խորհրդարաններում։ Մի թողեք, որ Էջմիածինը լռության մեջ, չարի ստերով պղծվի։
- Միավորվեք՝ բոլոր քաղաքական հայացքների հայեր, բոլոր դավանանքների քրիստոնյաներ, բոլոր ազգերի ժողովրդավարներ։ Միավորվեք, որպեսզի պաշտպանենք մեր սրբությունները:
- Դիմեք ամբողջ աշխարհին, ձեր ապրած երկրների կառավարություններին, միջազգային հարնությանը՝ դիվանագիտական ճնշում գործադրելու համար։
ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ ՀԱՄԱՐ
Ապագա սերունդները մի օր հարց կտան՝ որտե՞ղ էիք դուք, երբ քրիստոնեության օրրանը վտանգված էր։ Մենք կարո՞ղ ենք պատասխանել, որ լուռ չմնացինք, որ անգործ չդիտեցինք, որ մեր սրբությունը պաշտպանեցինք։
Էջմիածինը ավելին է, քան մի վայր, ուր կարող են ներխուժել օրվա իշխանության կամակատար, այլ ոչ թե սահմանադրության պաշտպան, ուժայինները։ Էջմիածինը խոստում է, որ քրիստոնեական ժառանգությունը, որ փորձության միջով անցել է հազարամյակներ, չի կործանվի։
Որ մեր հավատքը ավելի հզոր է, քան ցանկացած հալածանք ու չարիք։
Որ հավատացյալների միասնությունը անխախտ ու անհաղթ է։
Այս օրերը ոչ միայն սպառնալիքի օրեր են, այլ նաև օրեր, երբ որոշվում է՝ արդյոք քրիստոնյա հայը հավատարիմ կմնա՞ իր պապերի իղձերին ու կպաշտպանի՞ իր սրբությունները, թե՞ կտրվի օտար գաղափարախոսությունների, կրկին ու կրկին խաբվելով ու պառակտվելով։
Մենք ունենք ընտրություն։
Մենք ունենք ձայն։
Մենք ունենք ուժ։
Չի կարելի ձախողել։
Չի կարելի լռել։ Պետք է պայքարել նրա համար, ինչն իսկապես սուրբ է։
Պաշտպանեք Էջմիածինը։
Պաշտպանեք Հայաստանը։
Պաշտպանեք քրիստոնեական ժառանգությունը և իրական ժողովրդավարությոյնը, իր քրիստոնեական արժեքներով:
Թող Աստված պահպանի Հայաստանին։
Թող Տեր մեր Հիսուս Քրիստոս պահպանի իր եկեղեցին։
Թող անսասան մնա Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Տիրատուր քահանա ՍԱՐԴԱՐՅԱՆ